Արցախի հիվանդանոցներից մեկում ծանր հիվանդ է մահացել

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Sputnik Արմենիայի  փոխանցմամբ տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Վերջինիս խոսքով` մահացած հիվանդը 1980 թվականին ծնված տղամարդ էր, նա 15 տարի հեմոդիալիզ էր ընդունում։ Այս պահին տղամարդը տեղափոխման ենթակա չէր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել արցախցի, ով պետք է սրտի վիրահատության ենթարկվի։

Հավելենք, որ այսօր առավոտվա տվյալներով` Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» ռեանիմացիոն բաժանմունքում 11 բուժառու կա, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ «Արևիկ բուժմիավորման» ռեանիմացիոն բաժանմունքում էլ 10 երեխա կա, նրանցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print