ՄԱԿ-ը չի կարող ստուգել և հաստատել հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմն ապօրինաբար օգտագործում է Լեռնային Ղարաբաղում գտնվող հանքային ռեսուրսները։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան,հաղորդում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի խոսքով` Ադրբեջանն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքի շրջանում բողոքի ցույցերն ուղղված են (ինչպես հայտարարում են դրանց մասնակիցները) «հանքային ռեսուրսների ապօրինի օգտագործման և շրջակա միջավայրի համար դրա հետևանքների դեմ»:
«ՄԱԿ-ը, որը ներկա չէ ո՛չ Լաչինի միջանցքում, ո՛չ էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, չի կարող ստուգել և հաստատել այդ պնդումներն ու մեղադրանքները»,-ասել է Ենչան՝ հավելելով, որ կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պարտավորությունները։
Բացի այդ, նա Երևանին և Բաքվին հորդորել է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նաև միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերսկսումը, որի հետևանքները կարող են անդրադառնալ ամբողջ Հարավային Կովկասի վրա: