Ժաննա Անդրեասյանը Սյունիքում հանդիպել է արցախցի դպրոցականներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ, Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։

«Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ:

«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։

Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում երեխաներն ու նրանց ուղեկցող մեծահասակները նշել են, որ չեն նահանջելու և ընկրկելու դժվարություններից․ բոլորի միակ ցանկությունը տուն վերադառնալն է։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետարանի հետ․ կատարվել է կարիքների գնահատում՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։ Հայաստանում գտնվող երեխաների մի մասը հաճախում է Գորիսի դպրոցներ, որոշներն էլ հոգեբանորեն պատրաստ չեն և սպասում են, որ ճանապարհն օր առաջ բացվի, և վերադառնան Արցախ։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print