Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am-ը։
Ըստ նյութերի, Աշոտ Հայրապետյանը մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ մինչ 2018թ․-ը, չի ձեռնարկել միջոցներ կասեցնելու Երեւան- Մեղրի Մ2 ավտոճանապարհի 310-րդ կմ-ում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցումը։ Ավելին, ինքնակամ կառույց իրականացնող անձի նկատմամբ դիտավորությամբ չի կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության պահանջը։ Միաժամանակ, նշված կառույցի օրինականացման գործընթացը ընթացքի մեջ գտնվելու վերաբերյալ նակին համայնքապետը տրամադրել է կեղծ տեղեկանք:
Քրեական վարույթը նախաձեռնվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 445 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) եւ 447-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով։
Կապանի նախկին համայնքապետը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ անընդհատ իր նկատմամբ վարույթներ են հարուցվում, բայց ոչ մի լուրջ մեղադրանք չկա։ «Սահմանափակվենք սրանով, ոչ մի մեկնաբանություն այլեւս չունեմ»,-ասաց Հայրապետյանը։