Բերձորի միջանցքի փակման կեղծ «բնապահպանական հիմնավորումների» տակ թաքնված են ոչ միայն Ադրբեջանի ցեղասպան նպատակները, այլեւ գլոբալ տնտեսական շահեր, որոնք Արցախը շրջափակելու պակաս կարեւոր շարժառիթներից չեն: Պարզվում է, որ Արցախի ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցրած Ադրբեջանի հատուկ եւ այլ ուժային կառույցների «բնապահպան» ներկայացուցիչները պաշտպանում են բրիտանական «Anglo Asian Mining PLC» հանքարդյունաբերական ընկերության շահերը: Թողնենք մի կողմ այն բացարձակ ճշմարտությունը, որ որեւէ բնապահպան չի կարող լինել հանքշահագործող ընկերության կողքին, ինչն ավելորդ անգամ փաստում է Բերձորում կատարվողի բեմական սցենարը, այստեղ էականն այն է, որ նման գործողությամբ, ըստ էության, կրկին ի հայտ է գալիս Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի պատվիրատուներից եւ հիմնական շարժառիթներից մեկը:
Բանն այն է, որ դեռ 20 տարի առաջ Ադրբեջանը բրիտանական այս ընկերությանը նվիրել է Արցախի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի շահագործման իրավունքները: Տնտեսական նման խոշոր գործարքների կնքման պրակտիկային թեկուզ մակերեսային իրազեկվածություն ունեցողը կփաստի, որ բիզնեսի կանոններով խոշոր ընկերությունը չէր կարող նման ռիսկերի գնալ եւ փաստացի չճանաչված պետության օրինական իշխանությունների հետ որեւէ շփման չգնալով մեկ այլ պետությունից գնել հանքշահագործման իրավունք: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանից գնել հանքավայրեր, որոնք իրավաբանորեն վերջինիս չեն պատկանում, եւ օրինական հիմքերով ու միջազգային բոլոր նորմերին համապատասխան շահագործում են Արցախի Հանրապետության օրինական սեփականատերերը:
Բրիտանական նավթային, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայությունն Ադրբեջանում գաղտնիք չէ, եւ այն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին բրիտանական նավթային ընկերություններն էժան գներով ստացել են ադրբեջանական նավթը՝ որպես կապիտալիստական երկիր գործարքի գնալով սոցիալիստական պետության հետ, սակայն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերի պատմությունն այլ որակի հարաբերությունների եւ գործարքների մասին է փաստում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում