Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը` նշելով, որ այսօր Լավրովը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ, հաղորդում է Sputnik Արմենիան:

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` զրույցի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:

«Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանքով նշվել է, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որի ժամանակ պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,– ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքը շարունակելու կարևորությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print