Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մայրն է՝ Ելիզավետա Բուդաղյանը:
– 44-օրյա պատերազմում մեր տղաներն ընկան, դրան հաջորդեց այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, նորից զոհեր, կորուստներ։ Հիմա արդեն 10-րդ օրն է՝ Արցախի այն փոքրիկ հատվածը, որ մնացել է մեզ, շրջափակման մեջ է:
– Արցախը մեր հայրենիքի մի մասն է, դրան գումարած, այո, մեր տղաներն Արցախի ու մեզ համար տվել են իրենց կյանքը, եւ այսօր շատերն ապերախտ գտնվեցին, այդ սուրբ հողը, որն էլ ավելի սրբացել է մեր տղաների արյամբ, դուրս թողեցին ուշադրությունից: Քչերն են մտահոգ Արցախի ճակատագրով: Կան որոշ հայրենասեր հայեր, արցախցիներ, եւ, իհարկե, ցավով պետք է ասեմ, բայց ինձ նման մի քանի ծնող: Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես իմ որդու կորուստը կսգայի լուռ, տանը նստած, բայց քանի որ պատճառներն ու հետեւանքները հատվել են, եւ մենք շատ լավ հասկանում ենք ու գիտենք, թե ով է այս ամենի հեղինակը, ես անգամ նրան մարդ կոչել չեմ կարող, քանզի ինքը մի քանի անգամ իր սեփական բերանով է ասել, որ Արցախը բեռ է մեզ համար, լռել չենք կարող: Մարդիկ կուրացել են, խլացել, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում: Մի՞թե հայ ազգն այսպիսին է եղել, եւ մենք չենք իմացել:
– Հայ հասարակությունն ինչպիսի՞ն է այսօր:
– 90-ականներին ես տեղահանվել եմ Արցախից: Մինչեւ 44-օրյա պատերազմը, երբ 2016 թվականին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, էլի տխուր էինք, արցունքները՝ աչքերիս: Ես ուսուցիչ եմ, մեր դպրոցում զոհ ունեինք, մեր բոլորիս աչքերը թաց էին, բայց կար ներքին հպարտություն, որ հայը հաղթեց: Այնքան էինք համախմբվել այդ օրերին, որ նույնիսկ հիշում եմ՝ ասում էին, թե հայը միայն դժբախտության պահին է կարողանում այսպես համախմբվել: Մեծ ուժ էր գործադրվում մարդկանց համախմբելու համար: 2018 թվականից սկսվեց հայ ժողովրդի դժբախտությունը, երբ մեզ ասացին՝ Արցախը բեռ է Հայաստանի համար, եւ դրանից պետք է ազատվել: Մարդկանց ուղեղը մտցրին, թե ինչու պետք է ձեր տղաները կռվեն Արցախի ու արցախցիների համար: Շատերը չհասկացան, որ Արցախը Հայաստանի դարպասն է, իսկ Արցախում ապրող մարդը` հայ, գուցե այստեղ ապրող շատերից էլ ավելի թասիբով: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել: Հայը հայ է, եթե հայ ես, պետք է թասիբ ունենաս, իսկ նա, ով անթասիբ է եւ ուզում է բարեկամանալ թուրքի հետ, ես նրան հայ չեմ կարող համարել, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Արցախում, Սյունիքում, թե Երեւանում: Ես միայն նրանց եմ ընդունում, որոնք ունեն ազգային արժանապատվություն: Անգամ մարդը կարող է ապրել սփյուռքում, բայց կարեւորը՝ մտածի հայեցի, Արցախը համարի հայկական հող, չտենչա թուրքի հետ բարեկամություն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում