Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի որոշման հիմքերում նախանշված են նաեւ գործնական քայլերի մեխանիզմները․ «Հայաստանի Հանրապետություն»

Օրերս երկու խոշորագույն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հստակ դիրքորոշում արտահայտեցին արդեն երկու շաբաթ ձգվող Արցախի Հանրապետության շրջափակման Ադրբեջանի գործողություններին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ առանց բացառության բոլոր մասնակիցներն անթույլատրելի համարեցին Արցախի շրջափակումը, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը կտրուկ հայտարարություններով Ադրբեջանին հորդորեցին դադարեցնել հումանիտար աղետը՝ բացելով Բերձորի միջանցքը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի հաջորդ օրն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:


ՄԻԵԴ-ի կանոնադրության 39-րդ կետում ասվում է, որ դատարանը կարող է իր ընդունած միջոցների մասին տեղեկացնել ԵՄ նախարարների կոմիտեին՝ համապատասխան գործնական միջոցներ ձեռնարկելու նպատակով: Միջազգային դատարանը իրավասու է Ադրբեջանից նաեւ պահանջել ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է իր ընդունած միջոցի կատարման ընթացքին: Վերոնշյալ գործընթացները փաստում են, որ միջազգային կազմակերպությունները կոշտացնում են իրենց դիրքորոշումները եւ քայլերը, դրանք բարձրացնելով կոչ-հայտարարությունների մակարդակից, քանի որ, ինչպես ցույց է տալիս Արցախի շրջափակված մնալու փաստը, պաշտոնական Բաքուն բանավոր հորդորները չի ընկալում, ուշադրություն չի դարձնում եւ չի արձագանքում:

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց նաեւ Արցախի Հանրապետություն եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, որը կարող է դիտարկվել հենց գործնական քայլերի համատեքստում: ՄԻԵԴ-ի ընդունած վերջին որոշման մեջ նախանշված է, որ իր կիրառած միջոցները Բաքվի չկատարելու դեպքում արդեն հետեւելու են ավելի կոնկրետ գործողություններ: Այն, ըստ էության, Ադրբեջանին ուղղված վերջին նախազգուշացումն է: Դրանք անխուսափելի կլինեն բոլոր դեպքերում, քանի որ, այսպես, թե այնպես, շրջափակման շարունակությունն ուղղակիորեն արդեն հանգեցնելու է Արցախում հումանիտար աղետի, իսկ այն կանխելու նպատակով գործնական համարժեք քայլեր չգործադրելը կնշանակի անուղղակի կերպով սատարել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print