Արցախում մրգի, բանջարեղենի, պարենի պակաս է նկատվում

Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:

Մասնավորապես, մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում  է Հայաստանի Հանրապետությունից, ներկայում՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված, նշված ապրանքային շուկայում զգացվում է իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս: «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանի հետ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ապրանքատեսակների սղություն է զգացվում  վերջին երկու օրերին,  մեր զրուցակիցը նախ նշեց, որ ներկայում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից  նախկին ամենշաբաթյա ռեժիմի փոխարեն, շրջափակման ընթացքում դիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով:

«Դեկտեմբերի 22-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու»,-մանրամասնեց ՏՄՊ վարչության պետը:

Անդրադառնալով  նախաշրջափակման համեմատ գնային փոփոխությունների  մասին հարցին՝ Հրաչ  Ավթանդիլյանը հավաստիացրեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը:

«Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները»,-ընդգծեց ոլորտի պատասխանատուն՝ հորդորելով հանրությանը անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print