Ավտոապահովագրող ընկերությունների սակագները կազատականացվեն

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացած ապահովագրավճարները:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը՝ ընդգծելով, որ սակագների ազատականացումը, տեխնիկական լուծումներով պայմանավորված, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա մարտ ամսից շուտ չի գործարկվի։

«Բացի այդ, անցումը նոր սակագներին փաստացի կատարվելու է աստիճանաբար` յուրաքանչյուր գործող ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման ժամկետի վրա հասնելու պահից։ Գների ազատականացման պահից Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացած ապահովագրավճարները, որի արդյունքում նվազագույն գնառաջարկ ընտրած շուրջ 50% ապահովադիրների համար ԱՊՊԱ պայմանագրերը կէժանանան, 30%-ի համար կմնան գրեթե նույնը, իսկ մոտ 20%-ի համար կթանկանան՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Օրինակ՝ գնիջեցումներ կլինեն ՀՀ մարզերում գրանցված և միջին տարիքի ապահովադիրների համար։ Ազատականացման արդյունքում յուրաքանչյուր ապահովադիր կկարողանա մուտք գործել արդեն իսկ գործող առցանց կնքումների հարթակ և տեսնել իր մեքենայի համար առաջարկվող ապահովագրավճարը։ ASWA.am կայքի  միջոցով հարցում կատարելիս՝ ապահովադիրը կտեսնի 6  տարբեր սակագներ, որոնք կառաջարկվեն  6 տարբեր ընկերությունների կողմից ։ Այնուհետև կարող է ընտրել իր կողմից նախընտրած ընկերությունը և կնքել ԱՊՊԱ պայմանագիր»,-ասաց Վաղինակ Եղիազարյանը։

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը նշեց, որ նոր մոդելին անցումը լինելու է պարտադիր։ Ըստ Եղիազարյանի սակագների ազատականացումը ապահովագրական ընկերությունների համար կստեղծի նոր մրցակցային պայմաններ, հետևաբար՝ ընկերությունները, կանխատեսվում է, որ կմրցեն ոչ միայն ապահովագրավճարներով, այլ նաև որակյալ ծառայություններով և առավել արդարացի հատուցումներ տրամադրելով։

Գործադիր տնօրենը իր խոսքում ընդգծեց, որ ազատականացումը կնպաստի նաև ավելի արդար և անհատական վարքագծի վրա հիմնված սակագների ձևավորմանը, ինչի հետևանքով այն վարորդները, ովքեր վթարների առաջացման պատճառ  չեն հանդիսանա, կունենան ավելի մատչելի ապահովագրավճար: Արդյունքում, վարելու կարգապահությունը և երթևեկության անվտանգությունը կարող է բարձրանալ։

«Ինչ վերաբերվում է վերահսկողությանը, կարող ենք շեշտել, որ Հայաստանի Ավտոապահովագրողների  բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շարունակական վերահսկողությունը չի թուլանալու անհամաչափ գների սահմանումից խուսափելու համար»,- եզրափակեց Վաղինակ Եղիազարյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print