Լաչինի միջանցքի շուրջ սրված իրավիճակը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է Aravot.am-ը:
«Անկասկած, այնպիսի միջադեպերը, ինչպիսին է Լաչինի միջանցքի շուրջ այս սրացումը, չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը եռանդուն ջանքեր է ներդնում իրավիճակը «գետնի վրա» կարգավորելու ուղղությամբ և ակնկալում է, որ շուտափույթ կերպով կվերսկսվեն համատեղ աշխատանքները կարգավորման բոլոր ուղղություններով:
«Ենթադրում ենք, որ տվյալ դեպքում պայմանագրի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն: Կարևորը՝ Բաքուն ու Երևանը կարողանան հասնել փոխադարձաբար ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդարացի խաղաղություն տարածաշրջանում», -ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համաձայն հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության: