Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել․ Գրիգորյանը՝ Հայաստանի՝ Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ

Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Այսօր լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այդ հատվածն արագ բացվի։ Ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են այդ հարցը հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը կոորդինացնելու համար»,– նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին երկու տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։

Նկատառմանը, թե այդ քայլի պատճառով ստեղծվում է նաև դիվանագիտական ճգնաժամ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ԱԽ քարտուղարը վստահեցրեց` ՀՀ–ն ընդհանրապես այդպիսի քայլ չի արել, որպեսզի նման ճգնաժամ ստեղծվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print