Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «սադրիչ» է որակել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն առ այն՝ Մոսկվան ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ՝ Միութենական պետությանը միանալու համար։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր՝ ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:
«Նման հայտարարությունները կարելի է սադրիչ համարել: Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով չի ներկայացնել հայկական կողմի ուշադրությանը»,- երեքշաբթի ասել էր Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել էր նաև, որ Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։
«Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ Հիմա ճգնաժամ է ստեղծվել, պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անելու նոյեմբերի 9-ով։ Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։ Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։ Ճգնաժամի դրդապատճառը սա է։ Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են»,-ասել է ԱԽ քարտուղարը։