«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով հիմնադրամի մամուլի ծառայությանը։
Հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։
Նիստը վարել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
«Քննարկումների ընթացքում ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիներն ու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով: