Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023 թ. փետրվարի 1–ից չեն փոխվի։ Նման որոշում կայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման վրա ազդել են մի քանի գործոններ թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի ու եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ։
Սակագնի բարձրացման ուղղությամբ խոշորագույն գործոն է դարձել արտասահմանյան վարկերի մարումը։ Ավելացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Իրանի կառավարությունից ստացված վարկով ` Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի կառուցման համար։ Այստեղ եկող տարվանից պետք է վճարել ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը։ Գծի կառուցման վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել էր և հիմա ծրագրված է 2023-ի ավարտին։
Ավելացել է նաև միջուկային վառելիքի ձեռքբերման ծախսը։ Թեև այն գնվում է Ռուսաստանում, սակայն դրա արժեքը կապակցված է եվրոպական գնանշումների հետ` թե՛ ուրանի, թե՛ դրա արդյունահանման ու վերամշակման։ 2022–ին այդ գնանշումներն աճել են, այդ թվում` այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։
Աճելու են (թեև համեմատաբար փոքր ծավալով) այն ծախսերը, որոնք պետք է վճարվեն «Էլցանցի» ու արտադրող կայանների ներդրումների դիմաց։ Որոշակի գումար պետք է հատկացվի նաև էներգետիկ համակարգում աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսով` միջին աշխատավարձը ոլորտում կհասնի մոտ 250 հազար դրամի (հարկերը և վճարները հանած` մոտ 182 հազար դրամ կամ $460)։
Կարգավորողի հաշվարկով` սակագնի աճի ու նվազման գործոնները չեզոքացնում են մեկը մյուսին, այդ պատճառով սպառողական սակագները թողնվել են անփոփոխ։