Ռուսաստանն այսուհետ միգրանտներին թոշակ չի վճարի

Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել: Որոշումը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում, հաղորդում է Sputnik Արմենիան:

Նշենք, որ այս որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում կանդրադառնան միգրանտների վրա: ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանն արդեն նոր համաձայնագիր է կնքել։

Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, դրա մասնակիցները, բացի Ռուսաստանից, 9 երկիր են (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա): Փաստաթուղթը ենթադրում է, որ կենսաթոշակները նշանակում ու վճարում է անձի մշտական բնակության պետությունը՝ անկախ մարդու քաղաքացիությունից։

Երկրների փոխադարձ հաշվարկներ չեն իրականացվում (եթե դա նախատեսված չէ առանձին երկկողմ պայմանագրերով): Միևնույն ժամանակ, հաշվի են առնվում ԽՍՀՄ տարածքում մինչև 1992 թվականը ձեռք բերված աշխատանքային ստաժը, իսկ մասնակից երկրների տարածքում` նաև 1992 թվականից հետո ունեցած ստաժը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print