Առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հնարավոր է Թուրքիա այցելի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Նման այց նախապատրաստվում էր, որոշ պատճառներով այն հետաձգվել է։ Այժմ արարողակարգային ծառայությունները բանակցում են, կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այցը կկայանա, կոնկրետ օր դեռ չկա», – NTV հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Քալընը։
Վերջինիս խոսքով` Անկարան մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, տեսնում է պաշտոնական Թեհրանի վճռականությունն այդ առումով։
«Մեզ ևս, ինչպես և Բաքվին, մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ։ Այդ առիթով եռակողմ բանակցությունների անցկացումը կարող էր կարգավորել այդ ամենը», – ասել է Քալընը։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Իրանն արձագանքելու է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։