Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ քննվող քրեական գործով 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ այս պահին այդ գործերով ոչ մի անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
«Շուրջ 600 տուժած անձ ունենք` վիրավորներ, զոհեր, նաև քաղաքացիական բնակիչներ, որոնք զրկվել էին իրենց բնակարաններից»,– նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ նրանց մեծ մասը քրեական գործերով ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։
Քյարամյանի խոսքով 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք վերաբերում են սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի գործողություններին։ Հետագայում այս վարույթների մեծ մասը միավորվել է մեկի մեջ։
«Այստեղ ևս մենք ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և 4 դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»,– հայտնեց Քյարամյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե բարձրաստիճան սպաների մասին է, այլ միջին օղակի սպաների և զինծառայողների։