ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային հսկողության սարքավորումներ և դրանց համապատասխան ծրագրային ապահովում: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունը։
Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:
Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվում են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, որի արդյունքում Պրոբացիայի ծառայությունը, որն ապահովելու է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը, կարողանալու է հսկել անձի տեղաշարժը և անգամ աննշան շարժի դեպքում անմիջապես արձանագրել թույլ տրված խախտումն ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու համար։
Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է նաև հատուկ սենյակ:
Հիշյալ սարքավորումների շահագործման նպատակով Պրոբացիայի ծառայության 30 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:

