Հայաստանի տնտեսությունն անցած 2022 թվականին լուրջ առաջընթաց է գրանցել, սակայն վերլուծաբանները մի շարք գործոններ են մատնանշում՝ հորդորելով խուսափել էյֆորիայից, հաղորդում է past.am-ը։
Տարեկան տվյալները վիճակագրական ազգային կոմիտեն կհրապարակի հունվարի վերջին, փետրվարի սկզբին։ Սակայն պաշտոնական տվյալներով, նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 13,8 տոկոս, իսկ ամբողջ տարվա համար՝ հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի համար՝ 14,4 տոկոս։
Իշխանությունները նշում են տարեկան կտրվածքով երկնիշ աճի հնարավորության մասին, բայց անկախ վերլուծաբաններն ու միջազգային ֆինանսական ինստիտուտները ավելի համեստ կանխատեսում են անում՝ մինչև 7-8 տոկոսի սահմաններում։
ՀՀ ՊԵԿ-ը տարին ամփոփում է 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ հարկային եկամուտներով, որը գերազանցում է նախորդ տարվա հարկային եկամուտները և տուրքերը՝ 338 միլիարդով կամ 21,4 %-ով, իսկ տարեսկզբին հաստատված ցուցանիշը՝ 81 միլիարդ դրամով:
Ընդ որում, վստահաբար կարելի է պնդել, որ հարկային մուտքերը հիմնականում խոշոր ընկերությունների վճարումների շնորհիվ են։
Հայաստանում հարկատուների առաջատարը և միակ ընկերությունը, որը վճարած հարկերով հատել է 100 միլիարդ դրամի ցուցանիշը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է․ հունվար-սեպտեմբերին, շնորհիվ աշխատանքի և վերահսկողության արդյունավետության, պետբյուջե է վճարել 129․16 միլիարդ դրամ, իսկ 2021-ի համեմատ վճարումների աճը կազմել է 204․93 տոկոս։
Տարեկան կտրվածքով ԶՊՄԿ-ի ցուցանիշը ավելին կլինի։ Փաստացի, Հայաստանում հավաքագրված բոլոր հարկերի մոտ 10 տոկոսը կամ ավելին վճարել է միայն մեկ ընկերություն, որը վաղուց դարձել է Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը։