Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջինս նշեց, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։
«Հուսով ենք հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,– ասաց նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, մասնավորապես` ԿԽՄԿ միջնորդությամբ հիվանդներ տեղափոխելուն, Զառա Ամատունին ասաց, որ ուղիղ կապը կողմերի հետ ընթացիկ է, անհրաժեշտության դեպքում անում են ամեն հնարավորը, որպեսզի արագ կազմակերպեն անձանց տեղափոխումը։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։