Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա, հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ միայն 2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում 43 երեխա է լույս աշխարհ եկել։
Նախարարությունը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել անցած տարվա ընթացքում գրանցված ծնունդների վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում: