«Իրավունք» թերթը գրում է․ «Արդեն մեկ ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երեւան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Շրջափակման արդյունքում Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մասին պատմեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով.
— Եղած պաշարներից կամաց-կամաց տալիս ենք խանութներին: Բայց շատ ապրանքներ գրեթե սպառվել են՝ ձեթ, շաքարավազ, մակարոն ու նման բաներ մնացել են քիչ խանութներում՝ փոքր քանակությամբ: Քաղցրավենիք, կարելի է ասել, գրեթե չկա, միրգ-բանջարեղեն էլ գտնել անհնար է: Մեքենաների շարժն էլ հնարավորինս սահմանափակվել է, որովհետեւ բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել. մեքենաները, որպես վառելիք, հիմնականում գազ են օգտագործում, բայց, գիտեք՝ շարժիչները հիմնականում բենզինով են աշխատում:
— Որքա՞ն կբավականացնեն եղած պաշարները:
— Դժվարանում եմ ասել: Ղեկավարությունն ամեն ինչ անում է հնարավորինս քիչ վնասներով դուրս գանաք շրջափակումից, բայց, ինչ խոսք, իրավիճակն իսկապես դժվար ու անորոշ է:
ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանն էլ, ում որդին՝ Արտյոմ Ավագյանը, անմահացավ 44-օրյա պատերազմում, անդրադառնալով շրջափակված Արցախին եւ ստեղծված անորոշ իրավիճակին, մեզ հետ զրույցում վստահեցրեց.
—Արցախցու ոգին անկոտրում է՝ սովով, ճանապարհ փակելով, հիվանդներին անօգնական թողնելով, մեզ չեն կոտրելու: Ավելին ասեմ, եթե շատ հոգնեցնեն, նույնն ենք կրկնելու, ինչ 1990-ականներին, դա որպես զգուշացում թուրները աջ ու ձախ կտրող ոսոխին: Գիտենք` դժվար է, բայց ուզում եմ բոլոր արցախցիներիս մի բան ասել, գիտեմ՝ ուժեղ եք, իսկ երբ հուսահատության պահ ապրեք, ուզեք թեւաթափ լինել, հիշեք Եղբայրական գերեզմանում պառկած տղերքին ու շարունակեք մեր արդար պայքարը:
Ես որդուս խոսք եմ տվել՝ ամեն կաթիլ արյան համար թշնամին հատուցելու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։