Կանանց՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու գործընթացը կամավորության սկզբունքով է լինելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծ, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,-ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց նպաստը բերել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։