Ռուսական առաջարկը՝ խաղաղության պայմանագրի գծով հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին, մնում է ուժի մեջ․ Զախարովա

Զախարովա

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Հայաստանի հայտարարությունները էապես տարբերվում են, ուստի ՌԴ ԱԳՆ-ն դժվարանում է գնահատել Երեւանի դիրքորոշմանը, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է news.ru-ն։ 

Զախարովայի խոսքով՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ստորագրելու և՛ ռուսական առաջարկների հիման վրա հակամարտությունը լուծելու փաստաթուղթը, և՛ արևմուտքի կողմից առաջարկվող «համապարփակ լուծմանը»։

«Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Երևանի համաձայնությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովին հաջորդած հայտարարության մեջ և «արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը»։ Փաստաթուղթը հաստատում է այն սահմանների անձեռնմխելիությունը, որոնք կային ԽՍՀՄ հանրապետությունների միջև՝ երբ Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Այս հանգամանքը դժվար է անտեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»,-ընդգծել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչիը հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Երևանի ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ժամանումը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ հայ-ադրբեջանական կարգավորման կարեւոր այլ հարցեր, ներառյալ՝ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ։

«Եթե հայ գործընկերներն իսկապես հետաքրքրված են նշված խնդիրների լուծմամբ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Ռուսական առաջարկը՝ խաղաղության պայմանագրի գծով հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին, մնում է ուժի մեջ»,-եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print