ԼՂ մեր գործընկերները պետք է  հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հունվարի 12-ի նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

 «Իմ գնահատականը շարունակում է  մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու, ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի: Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ մյուս կողմից էլ պետք է  նաև որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը:

«Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,շընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: «Եվ ԼՂ մեր գործընկերները պետք է  հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print