Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Արմենպրեսը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 հազար լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։
«Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ ավելի շատ թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,– ասաց Քերոբյանը։
Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։ Մասնավորապես վիսկիի, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի արտադրության համար ընկերությունները պետք է վճարեն 3 միլիոն դրամ, նախկին 15 միլիոնի փոխարեն։
Նաև առաջարկվում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։
«Միայն այս տուրքի առկայության պայմաններում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում»,- եզրափակեց Քերոբյանը։