Առանց ռուս խաղաղապահների իրավիճակն էլ ավելի բարդ կլիներ․ Ռուբեն Վարդանյան

Քննադատություններն ու խոսակցությունները, թե ռուս խաղաղապահներն ինչ-որ վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի, քանի որ դրանով մենք կօգնենք միայն Ադրբեջանին, որը երազում է ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։ Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը, փոխանցում է News.am-ը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երազանքն իրականանա։ Խաղաղապահները պետք է մնան այստեղ և մնան տասնյակ տարիներ՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում։ Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական գործչի (ՀՀ վարչապետ Փաշինյանի – խմբ.) խոսքերը: Եթե ​​կա նման կարծիք (որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները-խմբ.), ես առաջարկում եմ գալ, կանգնել մեզ հետ և տեսնել, թե այստեղ ինչ մեծ դեր են խաղում ռուս խաղաղապահները»,- ասաց նա։

Խոսքերը, նրա գնահատմամբ, կորցրել են իրենց արժեքը. «Ռուս խաղաղապահներն իսկապես ծանր վիճակում են: Մենք կցանկանայինք և կա նման հնարավորություն, որ նրանց մանդատը լինի ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, խաղաղապահների թիվն ավելանա։ Առանց նրանց իրավիճակն էլ ավելի բարդ կլիներ, ուստի հեշտ է քննադատել՝ ապրելով Լեռնային Ղարաբաղից դուրս։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց ծանր վիճակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Սա միակ ճանապարհն է»,- հավելեց Վարդանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print