Միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու ԼՂ ժողովրդի անմարդկային շրջափակումը։ G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովի» ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ արտգործնախարարի պնդմամբ` անհրաժեշտ է նաև ճնշում գործադրել` բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։
«Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման։ Շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների»,– ասել է Միրզոյանը։
Վերջինիս խոսքով ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով ԼՂ ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրելը՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։
«Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Պետք է նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքն ապահովել»,– նշել է Միրզոյանը։
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի հարցին և նշել, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը զարգացնելու հարցում։
«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը»,– ասել է Միրզոյանը։
Վերջինս նաև ընդգծել է, որ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։