Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում ներկայացվեց Արցախում ստեղծված իրավիճակը։ ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Բերձորի միջանցքի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը համարում է ոչ թե պարզապես շրջափակման դեմ, այլ պայքար ամենակարեւորի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար: Իրականում պայքարն ավելի խորքային է, քան զուտ առաջին հայացքից երեւացող պարենային, կրթական կամ այլ խնդիրներն են։ Այն կյանքի եւ ապագայի պայքար է, հետեւաբար միայն Արցախի խնդիրը չէ, այլ ամբողջ հայության, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում։ Նրա խոսքով` բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են կյանքի եւ մարդու հիմնարար իրավունքների կարեւորությունը, պետք է պայքարեն Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Պետությունները եւս պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, օրինակ՝ խուսափելով այցելել այդ երկիր կամ հրաժարվելով այնտեղ տարբեր միջազգային միջոցառումներ կազմակերպելուց։ Արցախին օգնելու համար Հայաստանի ՀԿ-ները եւս կարող են դիմել միջազգային տարբեր կառույցների՝ նշելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ այլ տարաբնույթ խախտումների մասին:
Վարդանյանն ընդգծեց, որ Արցախի արմատներ ունեցող մոտ 400 հազար մարդ կա, եւ ակնկալվում էր, որ նրանք իրենց ձայնը կբարձրացնեն, սակայն դա տեղի չունեցավ բավարար չափով։ «Եվ հայկական սփյուռքը, եւ Հայաստանը պետք է հասկանան, որ սա նորմալ իրավիճակ չէ, սա իրավիճակ է, որը պահանջում է արտահերթ քայլեր եւ ավելի ուժեղ ձեւով է պետք բարձրաձայնել այս ամենը»,- ասաց նա՝ նշելով, որ մարդկանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ինչ է շրջափակումը։ Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստանից, ԱՀ պետնախարարը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտնել է։ Աջակցություն են ցուցաբերում ֆինանսական եւ իրավական ուղղությամբ՝ ասելով, որ ավելին անել չեն կարող։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում