Քաղաքականության թիրախը հասկանալու խնդիր ունենք՝ ինչ հարց ենք լուծում տրանսպորտային փոխհատուցումը տալով, և ենթաօրենսդրական մակարդակում այդ հարցերին կանդրադառնանք։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին՝ արդյոք կկարգավորվի տրանսպորտային փոխհատուցումը ենթաօրենսդրական փոփոխություններով։
«Պետության քաղաքականությունը պետք է հստակ լինի․ այս պահին փոխհատուցում տալիս ենք 5կմ և ավել հեռավորությունից այլ բնակավայրից եկող ուսուցիչներին։ Սա կարևոր ծրագիր է, բայց այստեղ պարզ չէ մեր քաղաքականության թիրախը։ Եթե երեխաների պայմաններում քաղաքականության թիրախը շատ հստակ է, այսինքն՝ բնակավայրում չկա դպրոց, կամ այդ մակարդակի կրթություն, օրինակ՝ ավագ դպրոց, երեխան գնում է այլ բնակավայր և անկախ հեռավորությունից, պետությունը վերցրել է պարտավորություն՝ տրանսպորտը փոխհատուցելու»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների պարագայում սա ոչ մի խնդիր չի առաջացնում։
Նախարարի խոսքով՝ ուսուցիչների պարագայում կարևոր է՝ ինչ խնդիր է լուծվում։ «Որովհետև սա գուցե հավելյալ ծախս է պետության համար։ Մենք պետք է հասկանանք, որ այդ տրանսպորտային փոխհատուցումը տրամադրում ենք այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում մենք չունենք ուսուցիչ, ով կարող է այդ աշխատանքը անել, և հետևաբար պետությունը այդ նույն խնդիրը լուծում է հավելյալ միջոցներ ներգրավվելով»,-նշել է Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը, սակայն, ասել է, որ լինում են դեպքեր, երբ տվյալ գյուղում կա այդ մասնագետը, սակայն վերջինս հնարավորություն չի ստանում աշխատելու, որովհետև այլ բնակավայրից է ուսուցիչը գալիս աշխատելու ։
«Ձեր ասած պարագան, եթե գործուղման տարբերակը ներառենք, որտեղ կեցության և տեղափոխման հարց չի առաջանում, բացի տրանսպորից, այո, պետք է լինի նաև այլ խթան։ Որովհետև հիմա առավելագույն փոխհատուցումը 20200 դր է, ես գիտեմ, որ բոլոր այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում , և հաճախ այս միջոցները բավարար չեն լինում, մարդիկ իրենց աշխատավարձից են որոշակի գումար ծախսում տրանսպորտի համար։ Փորձը ցույց է տալիս, որ մենք կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում, և այս փոփոխությունից հետո, ենթաօրենսդրական և բյուջետային մակարդակում պետք է ամբողջական լուծում բերենք»,-եզրափակեց նախարարը։