2022թ–ի հունվար–նոյեմբերին Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գյուղատնտեսության ոլորտի աճի ամենացածր մակարդակը, հայտնում է Sputnik Արմենիան։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 11-ամսյա աճը կազմել է 0,5%, Բելառուսում՝ 3,5%, Ռուսաստանում՝ 4,7%, Ղրղզստանում՝ 6,4%։ Աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ղազախստանում՝ 8,5%։
Հայաստանում 2022-ի հունվար–նոյեմբերին հացահատիկի բերքը 57,6%-ով գերազանցել է անցյալ տարվա նույն ցուցանիշը, Ղրղզստանում աճը կազմել է 36,4%, Ռուսաստանում՝ 24,6%, Բելառուսում՝ 22,8%։
Անասնաբուծության ու թռչնաբուծության ոլորտում Հայաստանի ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն։ Տավարի ու թռչնի մսի արտադրական ծավալները մեր երկրում 2021թ–ի նոյեմբերի համեմատ 2022–ի նոյեմբերի դրությամբ կրճատվել են 5.1 տոկոսով, Բելառուսում` 2.4 տոկոսով։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում արտադրությունն աճել է. Ղազախստանում` 0.7 տոկոսով, Ղրղզստանում`2.8, ՌԴ–ում` 3.4 տոկոսով։
Կաթի արտադրության ոլորտում Հայաստանը ԵԱՏՄ միայն երկրն է, որտեղ անկում է արձանագրվել (7,1%-ով)։ Բելառուսում կաթի արտադրությունն ավելացել է 0.6 տոկոսով, ՌԴ–ում` 1.5, Ղրղզստանում` 2.1, Ղազախստանում`2 տոկոսով։
Ձվի արտադրության ոլորտում Հայաստանը դրական ցուցանիշ է արձանագրել։ 2022թ–ի 11 ամսում Հայաստանում 2021թ համեմատ 4.4 տոկոսով ավելի շատ ձու է արտադրվել։ ՌԴ–ում աճը եղել է 2.5 տոկոս, Ղազախստանում` 4.9 տոկոս, Ղրղզստանում`8.3։ Բելառուսում ձվի արտադրության ծավալները 1.4 տոկոսով կրճատվել են։
Նշվում է նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսական բոլոր տեսակի տնտեսություններում արտադրված գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,1%-ով` կազմելով 154,8 մլրդ դոլար։