Որպես հումք ներմուծվող մի շարք ապրանքների համար սահմանին ԱԱՀ չի գանձվի

Հայաստանում արտադրական գործունեության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծումը սահմանին կազատվի ավելացված արժեքի հարկի գանձումից:  Այս մասին այսօր ԱԺ նիստում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

Ներկայացնելով «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ նախարարի տեղակալը նշեց, որ ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արդյունահանման վերջնական արտադրանք ստանալու համար:

«Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկ է գանձվում, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից»,-ընդգծեց Արզումանյանը:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում:

«Առաջարկվում է ցանկում ընդգրկել արտադրության համար որոշ խումբ ու նյութեր, ինչպես նաև այն հումքն ու նյութերը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ ստանալով հարկային արտոնություն՝ Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիմքով, որը ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել: Փաստորեն նախագծով ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արտադրանք ստեղծելու համար: Նախատեսվում  է հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ պատճառով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկից գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում»,-ասաց փոխնախարարը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է բիզնես միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն եւ դրա շրջանակում առաջարկում է որոշ ապրանքատեսակների, որոնք օգտագործվում են հիմնականում արտադրության մեջ` ծառայելով որպես հումք, եւ չեն արտադրվում ՀՀ-ում, այլ ներմուծվում են, ԱԱՀ-ով գանձումը հետաձգել, այսինքն` սահմանին այդ վճարները տնտեսվարողները չվճարեն:

Նշենք, որ այն ապրանքները, որոնց վերաբերյալ նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ հանելով սահմանին ԱԱՀ-ի գանձումը, 2021 թ-ին ներմուծվել են շուրջ 11 մլն դոլարի չափով: Սակայն ակնկալվում է, որ սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան դրանց ներմուծման ծավալները: Ցանկում ավելացվող ապրանքներից են՝ աշորա (սերմացու), վարսակ (սերմացու), Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում և այլն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print