Թեհրանը Ռուսաստանից մի քանի բազմաթիրախային Սու-35 գերմանևրային կործանիչներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է իրանական Tasnim գործակալությունը, որը մեջբերել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարիի խոսքերը, հայտնում է News.am-ը։
«Մենք Ռուսաստանին պատվիրել ենք պաշտպանության համակարգեր, հրթիռներ եւ ուղղաթիռներ, եւ այդ զինատեսակների մեծ մասը շուտով կմատակարարվի երկիր»,- ընդգծել է Հեյդարին։
Հիշեցնենք, որ Իրանի ՌՕՈւ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին 2022թ. սեպտեմբերին նշել էր, որ Մոսկվայից Սու-35-եր գնելու հարցն օրակարգում է։
Իսրայելական i24news հեռուստաալիքը 2022թ. դեկտեմբերի 24-ին, հղում կատարելով հետախուզության աղբյուրին, որը հետեւում էր Մոսկվայի եւ Թեհրանի ռազմական գործարքներին, տեղեկացրել էր, որ Ռուսաստանն առաջիկայում Իրան կմատակարարի կործանիչների էսկադրիլիա։
Բացի այդ, Թեհրանը պետք է Մոսկվայից ստանար հակաօդային պաշտպանության համակարգեր, նշել է հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Իրանն, իր հերթին, պետք է Ռուսաստան ուղարկի 300 հատ Shahed-136 կամիկաձե-դրոնների եւս մեկ խմբաքանակ՝ ի լրումն արդեն մատակարարված 1 700 անօդաչուների։ Մոսկվան հերքում է իրանական զենքի օգտագործումն Ուկրաինային հարվածելու համար։ Թեհրանն ընդունել է, որ Ռուսաստան է ուղարկել անօդաչուներ, բայց ոչ մեծ խմբաքանակով եւ մինչեւ Ուկրաինա ներխուժումը։