Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի կայցելի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն` հղում անելով ISNA գործակալությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 17-ին Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով այց կկատարի Թուրքիա։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Թուրքիա կատարած այցի ընթացքում կհանդիպի հարեւան երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում քննարկման առանցքային թեմաները կառնչվեն երկկողմ հարաբերություններին, Սիրիայում վերջին զարգացումներին, ինչպես նաև Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին հանդիպումները։
Նշվում է նաև, որ այս ուղեւորության ընթացքում երկու երկրների պաշտոնյաները կհստակեցնեն Էբրահիմ Ռաիսիի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները։
Իրանի արտաքին գործերի նախարարն այս շաբաթվա սկզբին այցելել է նաև Լիբանան և Սիրիա։ Իրանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի եւ Սիրիայի երկխոսության կապակցությամբ։