Հունվարի 18-ին մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Տեղեկությունը Syunik.tv-ին է փոխանցել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության թիմը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
Նախաձեռնության բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մի շարք դեսպաններ և այլ պաշտոնատար անձիք։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնություն»-ը նպատակ ունի նպաստել՝
- միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը,
- քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը,
- տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։
Միջոցառման ավարտին ստորագրվեցին նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր․
- 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։
- 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։