ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ նիստի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գեղարքունիքի մարզում, զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։
«Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,– ասաց Պապիկյանը։
ՀՀ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներկայացրեց նախնական վարկածը, ըստ որի հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոների խախտման պատճառով։
«Այս պահի դրությամբ` այդ վարկածը բավականին հիմնավորվել է»,–ասաց նա։
Քյարամյանի խոսքով` դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով` շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
Փաշինյանը խոսքով՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին» 14 ԳՇ կարգադրությունը, որում հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։
«7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտալ չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։ Այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհն անցել է վառարանը միացնել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,–ասաց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ նախաքննությամբ ի հայտ կգան դեպքի բոլոր հանգամանքները, և այս ամենը միայն նախնական վարկածներ են։