Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր համագործակցության շրջանակում նախատեսվում են Սյունիքի տարածաշրջանային և Գորիսի պետական քոլեջների վերանորոգում, արդիականացում և վերազինում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:
Նշվել է, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը: Անդրադարձ է եղել Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր համագործակցության մեկնարկին, որի շրջանակում նախատեսվում են Սյունիքի տարածաշրջանային և Գորիսի պետական քոլեջների վերանորոգում, արդիականացում և վերազինում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Սյունիքի մարզի երկու քոլեջներում ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ շեշտելով, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է:
Կողմերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ հնարավոր այլ համագործակցության հեռանկարները:


