ԵԽ բանաձևով կոչ է արվում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն

Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանին՝ հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը:

Ադրբեջանին կոչ է արվում նաև զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, Արցախը լքելու՝ հայերին ուղղված կոչերից, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից:

Եվրախորհրդարանը «դատապարտում է նաև ռուս խաղաղապահների անգործությունը», նշում, որ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների կողմից նրանց փոխարինումը պետք է համաձայնեցվի հրատապ կարգով: Բանաձևով կոչ է արվում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print