Քննչական կոմիտեն զորամասում բռնկված հրդեհի մանրամասներ է ներկայացրել

Պարզվել են ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի եվ զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ: Տեղեկությունը փոխանցում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ըստ ստացված նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։

2023 թվականի հունվարի 18-ին զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։ 18․01․2023 թվականին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած՝ պառկել է քնելու։ 19․01․2023 թվականին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամասե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։

Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։

Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print