«Խաղ ու պար» գրքի շնորհանդեսը կլինի նաև Սյունիքում

Երգահան և պրոդյուսեր Զառա Պետրոսյանի «Խաղ ու պար» մանկապատանեկան երգերի ժողովածուում ընդգրկվել են 24 երգի նոտագրումներ, բառեր, ինչպես նաև դրանց գործիքավորումներ, որոնք հասանելի են QR կոդերի միջոցով։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 21-ին Գեղագիտության ազգային կենտրոնում:

Ժողովածուն պատրաստվել է «երեխաների կողմից, երեխաների համար» սկզբունքով. այն ամբողջությամբ նկարազարդել են Հովհաննես Գասպարյանի, Քրիստինա Ավետիսյանի և Մարինա Շահումյանի գեղարվեստական ստուդիաների սաները։

Երգահանի խոսքով, գիրքը տարբեր տարիներին գրված ստեղծագործությունների ընտրանի է․ «Սրանով ցանկանում եմ երգերն առավել մատչելի դարձնել մեր երկրում բնակվող, երաժշտական ներուժ ու ձիրք ունեցող բոլոր երեխաների համար։ Դա է պատճառը, որ նախատեսում ենք այն տարածել հայաստանյան դպրոցներով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժողովածուն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ուսումնական նյութ»,- նշում է Զառա Պետրոսյանը։

Երևանյան շնորհանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Հաջորդ շնորհանդեսները նախատեսվում են Շիրակի մարզում, Սյունիքում և այլ մարզերում։ Ժողովածուն լույս է տեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կրթական նախաձեռնությունների աջակցության ծրագրերի շրջանակում։ 

Դաշնամուրային նվագակցության հեղինակը Լիանա Փիրումյանն է, գրքի ձևավորումն իրականացրել է Հասմիկ Մովսիսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print