Կապանի համայնքապետը հյուրընկալել է «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, դոկտոր Մաջիդ Քիանիի հետ քննարկել է «Արաս» ազատ տնտեսական գոտու առկայությունը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման գործում։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի փոխանցմամբ, համայնքի ղեկավարը կարևորել է հայ-իրանական դարավոր հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, և այդ համատեքստում ընդգծել «Արաս» ազատ տնտեսական գոտու առկայությունը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման գործում։ Զրույցի ընթացքում, ի թիվս այլ ոլորտների, Գ․ Փարսյանը հատկապես հեռանկարային է համարել առևտրատնտեսական հարաբերությունների և տուրիզմի ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններ են։ Համայնքի ղեկավարը ցանկություն է հայտնել անձամբ այցելելու ԻԻՀ, «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածք՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և Կապանի գործարար շրջանակներին ներկայացնելու համար։

Դոկտոր Մաջիդ Քիանին տեսահոլովակի միջոցով ներկայացրել է «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու կարողությունները, և փորձելով հասկանալ համայնքի պոտենցիալը՝ քննարկել հետագա համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում։

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print