Հույս ունեմ՝ մոտ ապագայում կշահագործվի երրորդ էլեկտրահաղորդման գիծը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար: Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է news․am-ը:

Անդրադառնալով Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը՝ իրանցի դիվանագետը նշեց, որ նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Այսօր, սակայն, դեսպանի խոսքով աշխատանքները շատ ավելի արագ տեմպերով են առաջ գնում՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը:

«Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին՝ հավելելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար:

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print