Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհներին կտրվի հանրապետական նշանակության ճանապարհների կարգավիճակ

Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը կավարտվի մինչև ամառ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատ քաղաքացիներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթևեկել:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է այս նոր կառուցվող ճանապարհներին տալ հանրապետական նշանակության ճանապարհների կարգավիճակ և լինեն սպասարկող ընկերություններ:

«Ճանապարհը նախատեսված է, որ Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհն ավելի հեշտ անցնի, Սիսիանից միանգամից դեպի Տաթև գյուղ դուրս կգանք: Իսկ գլխավոր դժվարությունը Տաթևի ոլորաններն էին»,-նշեց Սանոսյանը:

Նախարարի խոսքով «Հյուսիս-հարավ» ճանապարհը կկառուցվի 5-6 տարվա ընթացքում՝ եթե այս տարի ունենանք շինարարական ընկերություն: Սանոսյանը նշեց, որ Իրանի հետ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք, ուստի, ըստ նրա, այս ճանապարհն այս առումով գործը բավականին կհեշտացնի և կնպաստի երկու երկրների փոխգործակցությանը»,-ասաց նախարարը:

Այսպիսով` կառուցվող ճանապարհների շինարարության հիմնական մասն ավարտված է, մինչև ամառ մնացած աշխատանքները կավարտվեն: Այս պահին էլ որոշ հատվածներում միայն կահավորման աշխատանքներ են մնացել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print