Ադրբեջանը Բրյուսելում չի հրավիրվել մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան եւ Եվրամիությունում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը, հայտնում է news.am—ը՝ հղում անելով infoteka24.ru-ին։
«Հայաստանի ԱԳ նախարարին հրավիրել են Եվրախորհրդարան, ինչպես միշտ՝ Ադրբեջանը չի հրավիրվել։ Ես սիրում եմ Եվրախորհրդարանի «հավասարությունը» գործի մեջ։ Եվրախորհրդարանն անգամ ժամանակ չի ծախսում, որպեսզի թաքցնի նախատրամադրվածությունն Ադրբեջանի դեմ»,- գրել է Սադիկովը Թվիթերում։ Նա նաեւ առաջարկել է դիտարկել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական հանձնաժողովի միջև հարաբերությունների սառեցման տարբերակը մինչև նրա նախագահի փոփոխությունը։ «2024-ը կարող է օգնել։ Չէ՞ որ ի՞նչ օգուտ կարող է լինել կոռումպացված Եվրախորհրդարանի հետ նման «համագործակցությունից»,- ասել է աշխարհում ամենակոռումպացված վարչակարգերից մեկի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է պարբերականը, հատկանշական է, որ Հայաստանը Եվրախորհրդարանից հրավեր ստացել է։ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, որտեղ հանդես կգա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում եւ կներկայացնի հումանիտար իրավիճակն Արցախում՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Հայտնի է նաեւ, որ այսօրվա նիստում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կընդունեն Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին»,-նշել է պարբերականը։