Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման հայտարարություն է արել այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։