Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իրանի և Ռուսաստանի կարողությունները կարող են լրացնել միմյանց՝ սպասարկելով փոխադարձ և տարածաշրջանային շահերը։ Տեղեկությունը փոխանցում է tert.am-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին ասել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում և բարելավվում են։
«Երկու երկրներն ունեն տարբեր, բազմաթիվ կարողություններ էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում, որոնք կարող են ակտիվացվել համագործակցությունը զարգացնելու համար»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանը հետևում է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը։
Իր հերթին Վոլոդինն ասել է, որ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և հարևանության հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ կարող են նպաստել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության մակարդակի բարելավման վերաբերյալ նույն մոտեցումն ու կարծիքն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, և մեր օրակարգը հիմնված է երկու երկրների ղեկավարների՝ համագործակցության շարունակական զարգացմանը ձգտելու կամքի վրա»,- ասել է նա։