Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն առանձնակի կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և գործուն ներկայությունը համայնքում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել վերջին երկու տարիների ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Փարսյանը պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը այդ փոխգործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են 2022 թվականին իրականացված բազմաբնույթ աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաշվետվություն, ինչպես նաև խոսել 2023 թավականի հեռանկարային ծրագրերի մասին։
Քննարկվել են տարբեր ոլորտներում առկա կարիքները, ԿԽՄԿ-ի կողմից դրանց իրականացման հնարավորություններն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։




