Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է մնալ ՀՀ ամենախոշոր հարկատուն

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկը․ առաջատարը կրկին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

«1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ»,-նշվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ամենամեծ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, տարեկան վճարել է՝ մոտ 144 միլիարդ դրամ հարկ:

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։

Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է,  «Ջեյ թի այ Արմենիա»–ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իներորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։

ՊԵԿ-ի փոխանցմամբ, ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող  ցուցանիշները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print