Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շատ արցախցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, հարյուրավորները մնացել են Գորիսում, մարզպետարանը հոգացել է նրանց կեցության, սննդի և այլ հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Մարզպետը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի փակման առաջին իսկ օրվանից Սյունիքի մարզպետարանը կազմակերպել է համապատասխան աշխատանքները:
«Արցախցիները տեղակայված են հիմնականում Գորիս քաղաքի շուրջ 16 հյուրանոցներում: Արցախցիները, որոնք գտնվում են Սյունիքում, ապահովված են հյուրանոցային պայմաններով, սննդով, ինչպես նաև Գորիսի բժշկական կենտրոնը հոգ է տանում նրանց առողջության մասին: Նաև երեխաների դպրոցի հետ կապված հարցերն են լուծված»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ նաև տարբեր մշակութային և այլ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
«Այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին նրանց համար անել, արվում է, կառավարությունն էլ համապատասխան միջոցները հատկացնում է»,-եզրափակեց Ղուկասյանը: